ՀՀ պատվիրակության կազմում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին (լուսանկարներ)
մայիս 12, 2023
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի այցը Ստրասբուրգ շարունակվում է։
Նախօրեին այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման խթանմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը:
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ընդունել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Քննարկվել են իրավապահ և դատաիրավական ոլորտներում Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցության, բարեփոխումների աջակցության հետ կապված հարցեր։
Հանձնաժողովի անդամները բարձրացրել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի գործողությունների արդյունքում տարածաշրջանում առաջացած մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման և հումանիտար ճգնաժամի հետ կապված խնդիրները։