ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հետամուտ լինել պարետի որոշումների պատշաճ կատարմանն ու ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին
հուլիս 08, 2020
Արտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր:
Քննչական կոմիտեի վարույթում, արտակարգ դրություն հայտարարելու պահից, քննվել է 10 քրեական գործ, որոնցից 4-ը՝ մարզային քննչական վարչություններում, 6-ը՝ Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում:
Այս պահին դեռևս քննվում է 8 քրեական գործ, որոնցից 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի, մեկը՝ 316-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի (խուլիգանություն)1-ին մասի հատկանիշներով, մեկ քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 3091-րդ հոդվածի (խոշտանգումը) 1-ին մասի հատկանիշներով, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված ևս մեկ գործի նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող նշված քրեական գործերով 9 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնցից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 7-ի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 1-ի նկատմամբ կիրառվել է գրավ, ևս մեկի նկատմամբ՝ ծնողի հսկողությանը հանձնելը, 1 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։
Քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարմանը, ենթարկվել ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ իրավապահ այլ մարմինների ծառայողների օրինական պահանջներին, որպեսզի ՓՐԿԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ: