«Ղ.Տելեկոմ»-ի աշխատակցին մեղադրանք առաջադրվեց՝ ավելի քան 750 մլն դրամի լիցքավորման քարտ հափշտակելու համար
նոյեմբեր 28, 2014
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում 27.11.2014թ. մեղադրանք է առաջադրվել «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության քարտերի վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանին` ավելի քան 750 մլն. դրամի ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր հափշտակելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2006 թվականի օգոստոսի 21-ից աշխատել է «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության Կապան քաղաքի սպասարկման կենտրոնում՝ որպես ավագ համակարգող, իսկ 2010թ. հուլիսի 26-ից` վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու:
Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ` Ա.Կույումջյանը 2010 թվականից մինչև 2014թ. հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում նույն ընկերության Երևան քաղաքում գտնվող պահեստից ստացել է «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների համար նախատեսված տարբեր տեսակի նյութական արժեքներ, այդ թվում` 1000, 2000 և 4500 ՀՀ դրամ արժողության 717579 հատ լիցքավորման քարտ:
Քննության տվյալների համաձայն` նա յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված, ընկերությանը պատկանող 1000, 2000 և 4500 ՀՀ դրամ արժողության 702779 հատ լիցքավորման քարտերը:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2014թ. նոյեմբերի 27-ին Աշոտ Կույումջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Աշոտ Կույումջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը` 2 ամիս ժամկետով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: