Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են
հոկտեմբեր 19, 2026
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ եղանակով տեղափոխել է ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիները վերցրել են այն և տեղադրել ավտոմեքենայում:
Խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներով:
ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը):
Նրանք կալանավորվել են:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: