Հայտարարություն
մարտ 25, 2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2022թ. ապրիլի 27-ին, ժամը 10:00-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոս՝ 011-880-125, 011-880-146, 011-880-147, 011-880-144), Էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer.qnnchakankomite@gmail.com:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. մարտի 28-ից ապրիլի 20-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին (ով ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ):
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
-դիմում (ձև 1),
-կենսագրական տվյալներ պարունակող քարտ (տպել դիմերեսին և դարձերեսին, լրացնել ձեռագիր) (ձև 2),
-ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր,
-4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,
-ծննդյան վկայականի, անձնագրի, սոց.քարտի, նույնականացման քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում սոց. քարտի առկայությունը պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի (ներկայացնել բոլոր էջերը, որտեղ առկա է կնիք կամ գրառում), աշխատանքային գրքույկի, ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները,
-միայն նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ տեղեկանք հաշվառման և փաստացի բնակության վայրից,
-ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4),
-հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանքներ,
-բնութագիր աշխատանքի վայրից:
Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), մասնակցության դիմումի, կենսագրական տվյալներ պարունակող քարտ (ձև 2), ինքնակենսագրության ձևի (ձև 3) և բժշկական տեղեկանքի (ձև 4) ձևաթղթերը կցվում են.
Դիմումները ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ, իսկ փաթեթներում անհրաժեշտ շտկումները կկատարվեն խուսափելով անմիջական շփումից:
Դիմումների ոչ ամբողջական փաթեթներին ընթացք չի տրվելու:
Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.
- անուն, հայրանուն, ազգանուն,
- ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
- կրթություն (նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
- ծառայությունը զինված ուժերում, կոչումը (եթե արական սեռի հավակնորդ է),
- աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
- ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր), նշելով նրանց ծննդյան օր, ամիս, տարեթվերը, աշխատանքի վայրի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տեղեկատվություն,
- բնակության և հաշվառման հասցեն,
- ստորագրութուն և ամսաթիվ:
Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են դրոշմված և ծածկագրված տետրերի մեջ, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքնրերը ամփոփելուց հետո:
Գրավոր քննության արդյունքները կհրապարակվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական www.investigative.am ինտերնետային կայքում՝ մինչև անցկացման օրվան հաջորդող տասնհինգերորդ աշխատանքային օրը:
Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո սեղմ ժամկետում կանցկացվի բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական (50 միավոր) գնահատական ստացած հայտատուները:
Բանավոր քննության օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը բանավոր քննությունից առաջ կապի միջոցներով կտեղեկացվի բանավոր քննության մասնակիցներին կամ կտեղադրվի կոմիտեի պաշտոնական www.investigative.am ինտերնետային կայքում:
Բանավոր քննության արդյունքները կհրապարակվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական www.investigative.am ինտերնետային կայքում: