Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

հոկտեմբեր 22, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Գ․-ն, նախկինում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում զբաղեցնելով էլեկտրացանցի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով նույն ընկերության փականագործ Ռ․Բ․-ի ղեկավարը, վերջինիս հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ա․Գ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, իրականացրել են Ռ․Բ․-ի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու նախապատրաստություն։

Մասնավորապես՝ Ս․Գ․-ն օգտագործելով նախկինում ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը, 2026 թվականի հունվարին Ռ․Բ․-ին հրավիրել է Շիրակի մարզի Մարալիկ բնակավայր և հանդիպել նրան, իսկ Ա․Գ․-ն, օգտագործելով իր ընկերական հարաբերությունները, 2025 թվականի սեպտեմբերին գնացել է Ռ․Բ․-ի բնակության վայր։ Հանդիպումների ժամանակ նշված անձինք Ռ․Բ․-ին հորդորել են 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս․Գ․-ի և Ա․Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստությունը):

Ս․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Ա․Գ․-ին ձերբակալելու որոշում է կայացվել՝  դատարան ներկայացնելու նպատակով։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։