Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
նոյեմբեր 27, 2026
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Տ․Խ.-ն, մտերիմ հարաբերություններ ունենալով Կ.Բ․-ի ընտանիքի անդամների հետ և միաժամանակ աշխատելով ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում, Կ․Բ․-ի որդու՝ Մ․Բ․-ի հետ համատեղ բիզնես ձեռնարկելու պատրվակով, վերջինիս և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի գրավադրման ապահովմամբ, իր մտերիմ Ա․Ն․-ի անվամբ վարկ ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել, որից հետո բանկի հետ կնքված վարկային գծի տրամադրման պայմանագրով` Ա․Ն․-ի անվամբ տրամադրվել է 90 հզր ԱՄՆ դոլարի չափով վարկ և, ի ապահովումն պայմանագրով ստանձնած պարտավորությունների, գրավադրվել է հիշյալ անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանում գտնվող բնակարանը:
Այնուհետև, Տ․Խ․-ն, ստանալով հիշյալ 90 հզր ԱՄՆ դոլար գումարը, որևէ միջոց չի ձեռնարկել համատեղ բիզնես ձեռնարկելու ուղղությամբ և խոստացված վարկային պարտավորությունների մարումն իրականացրել է մասնակի՝ բացառապես կատարելով 36 հզր 136 ԱՄՆ դոլարի չափով տոկոսի մարում, որից ելնելով՝ 2016 թվականի հունվարի 18-ին բանկը գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և դատարանի՝ 2021 թվականի հունվարի 24-ի վճռով նշված գույքի վրա տարածվել է բռնագանձում, ինչի հետևանքով գույքի սեփականատերերը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող հիշյալ անշարժ գույքն առուվաճառքի և հաջորդող գրավի պայմանագրով 2025 թվականի մարտի 28-ին վաճառել և 66 մլն 827 հզր ՀՀ դրամի չափով գումարն ուղղել են բանկում Ա․Ն․-ի անվամբ գրանցված վարկային պարտավորությունները մարելուն:
Արդյունքում, Տ․Խ․-ն խաբեությամբ՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով և իրական մտադրության մասին լռելով, ինչպես նաև՝ վստահությունը չարաշահելով՝ օգտագործելով միջանձնային հարաբերությունները, համատեղ բիզնես ձեռնարկելու պատրվակով, Մ․Բ․-ին և նրա ընտանիքի անդամներին պատճառել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս, որը դրսևորվել է հիշյալ անձանց կողմից 66 մլն 827 հզր ՀՀ դրամի չափով հարկադրված ծախս կատարելու ձևով:
Տ.Խ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: