Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

հոկտեմբեր 27, 2026

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի (IACP) 2026 թվականի համաժողովին:

Այցը կազմակերպվել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) աջակցությամբ։

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ մի շարք երկրների իրավապահ մարմինների գործընկերների հետ: Աշխատանքային հանդիպումների առանցքում եղել են իրավական համագործակցության ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և հանցավորության դեմ համատեղ պայքարի արդիական մեթոդները:

Համաժողովի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրենի առաջին տեղակալ Լեսլի Զիմանի, Դիվանագիտական անվտանգության ծառայության տնօրեն Նիկոլաս Կոլուրայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև անդրադարձել իրավապահ համակարգի բարեփոխումներին և համատեղ ծրագրերի ընթացքին:

Միջազգային համաժողովի շրջանակում Քննչական կոմիտեի նախագահն այցելել է նաև մասնագիտացված ցուցահանդեսին, որտեղ ծանոթացել է իրավապահ ոլորտի վերջին տեխնոլոգիական սարքավորումներին: Ցուցահանդեսի ընթացքում գործընկերների հետ քննարկվել են Քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր: