Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
հոկտեմբեր 27, 2026
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողութունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Զապ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ա․Ս․-ն, 2026 թվականի սեպտեմբերի 21-ին անձի կողմից իրեն դիմելու արդյունքում տեղեկանալով, որ իր նախկին փեսան՝ Է․Մ․-ն թոռան առողջական խնդիրներով պայմանավորված՝ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է դստեր և բժշկական անձնակազմի հետ, ձեռնամուխ է եղել պետական իրավական մեխանիզմներից դուրս՝ հեղինակության, ազդեցության, ինչպես նաև ապօրինի ներգործության միջոցների օգտագործմամբ մասնավոր վեճի լուծմանը, որին ներգրավվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող «Օշականցի Գևորիկ» մականվամբ հայտնի Գ․Մ․-ն։
Վերջինս ստանձնելով Ա․Ս․-ին դիմած և վերջինիս կողմից իրեն պատվիրակված անձի մասնավոր հարցերին առնչվող վեճը հարկադրանքի և անօրինական այլ գործողությունների միջոցով լուծելու դերակատարումը՝ անձամբ խմբավորման անդամների հետ նույն օրը այցելել է բժշկական կենտրոն, որտեղ պարտադիր կատարման ենթակա հրահանգների համաձայն և անձամբ տալով այդպիսի հրահանգներ՝ վիճաբանել են Է․Մ․-ի ու նրա հետ գտնվող անձանց հետ:
Է․Մ․-ն, իր հերթին, երեխային տեսակցելու նպատակով 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գնացել է բժշկական կենտրոն։ Ընդունարանում բժշկական անձնակազմից մերժում ստանալով՝ վերջինս վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ, որի ընթացքում ցուցաբերելով ընդգծված անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք՝ տևական ժամանակ դրսևորել է հակաիրավական վարքագիծ, կիրառել է ֆիզիկական ուժ՝ հրելով բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին, հնչեցրել անպարկեշտ ու հայհոյախառն արտահայտություններ՝ այդպիսով բացահայտորեն խախտելով հասարակական կարգը, խաթարելով բժշկական կենտրոնի ընդունարանում գտնվող անձանց ու բուժառուների անդորրը և խոչընդոտել բժշկական հաստատության բնականոն աշխատանքը:
Այնուհետև Է․Մ․ն, մի խումբ անձանց հետ գտնվելով հիշյալ հիվանդանոցի դիմաց, հանդիպել է Ա․Ս․-ի ընկեր Գ․Մ․-ին և նրան ուղեկցող մի խումբ անձանց և վիճաբանել նրանց հետ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), Գ․Մ․-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը), Է․Մ․-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նշված 3 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։