Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել
սեպտեմբեր 15, 2026
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում Ա․Ս․-ն պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը։
Քննությամբ պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլի 24-ին՝ հերթական վիճաբանության ժամանակ, ընթացող մեքենայից հրելու միջոցով դուրս է գցել կնոջը՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Վերը նշված արարքները կատարվել են վերջիններիս 4-ամյա դստեր ներկայությամբ, որի հետևանքով երեխային պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ՝ Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (4 դրվագ), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (4 դրվագ) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: