Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Աբովյան քաղաքի բնակիչը կալանավորվել է՝ խուլիգանական դրդումներով ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով (տեսանյութ, լուսանկարներ)

օգոստոս 31, 2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկի մոտակայքում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի 1989թ. ծնված բնակիչ է:

Քննությամբ ձեռք բերված  տվյալների համաձայն, 2022թ. օգոստոսի 26-ին` ժամը  00:15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 33-ամյա բնակիչն իր «MITSUBISHI PAJERO» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է վերոհիշյալ սուպերմարկետի աստիճանահարթակին՝ խոչընդոտելով սուպերմարկետի բնականոն աշխատանքը: Այդ ընթացքում հիշյալ 40-ամյա տղամարդու կողմից իրեն դիտողության արժանացնելու՝ չնչին առիթն օգտագործելով, խուլիգանական մղումներով,  անհիմն  վիճաբանել  է  վերջինիս  հետ, որի ընթացքում   իր  մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աբովյան քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: