Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Ավարտվել է այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

մարտ 01, 2016


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են թիվ 8/31 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Քննությամբ պարզվել է, որ այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելուն օժանդակել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 8/31 ընտրատեղամասի ընտրող Ն.Ալեքսանյանը քվեարկությանը մասնակցելու նպատակով այցելել է նշված ընտրատեղամաս և պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են, որոշել է քվեարկել իր հորեղբոր  փոխարեն:

Թիվ 8/31 տեղամասային ընտրական  հանձնաժողովի անդամ Լ.Ալեքսանյանը, տեղեկանալով Ն. Ալեքսանյանի մտադրության մասին, թույլ է տվել  վերջինիս ստորագրել հորեղբոր տվյալների դիմաց և քվեարկել՝ այդպիսով օժանդակելով  նրան քվեարկելու այլ անձի փոխարեն:

Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ  հանձնաժողովի անդամ Լ.Ալեքսանյանը նաև անձամբ է քվեարկել այլ անձի փոխարեն։ Մասնավորապես՝ ՌԴ-ում գտնվող իր հորեղբոր որդու՝ Ա.Ալեքսանյանի անվան դիմաց լրացրել է պատահական անձնագրային տվյալներ, ստորագրել, կնքել, այնուհետև քվեարկել նրա փոխարեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լ.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 38-153-րդ հոդվածներով, իսկ Ն. Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել նաև Ն.Ալեքսանյանի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ։

Ըստ նախնական տվյալների՝ նրա և մեկ այլ ընտրողի փոխարեն դեկտեմբերի 6-ին քվեարկել է նշված ՏԸՀ նախագահը, ում ևս մեղադրանք է առաջադրվել, և քրեական գործն ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: