Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի

մայիս 26, 2015


Ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ.Հարությունյանին։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Դ.Հարությունյանը,  խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հ.Համբարյանի նկատմամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողոթյուն իրականացնող դատախազը դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: