Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետի կատարած աշխատանքների վերաբերյալ
հունվար 27, 2021
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ա.Շ-ի կողմից՝ 22.07.2020-22.01.2021թթ. ժամանակահատվածում պարբերաբար մասնագիտական խորհրդատվություն է իրականացվել ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների վարույթում քննվող մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ պետությանը պատճառված գույքային վնասով կոռուպցիոն և ոչ կոռուպցիոն բնույթի գործերով, որոնք վերաբերել են քննության համար անհրաժեշտ ելակետային տվյալների ձեռքբերմանը, նախաքննության պլանավորմանը, քննության համար հետաքրքրություն ներկայացնող հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերի առգրավմանը, դրանց ճիշտ ընտրությանը, փորձաքննությունների նշանակմանը և այլն:
Բացի այդ, Ա.Շ-ն, ստորև ներկայացված քրեական գործերով որպես դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող անձ, քննչական գործողությունների շրջանակներում ներգրավվել է որպես մասնագետ.
1. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Ա.Շ-ի մասնակցությամբ իրականացվել է թվով 6 համակարգիչներում առկա հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկատվության, հաշվարկային հաշիվների քաղվածքների, հարկային մարմնին ներկայացված շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի հաշվարկների, այդ թվում՝ ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ արտացոլված տվյալների զննություն և վերլուծություն, որի արդյունքում ձեռք են բերվել քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
2. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Ա.Շ-ի մասնակցությամբ իրականացվել է ֆինանսական շրջանառությանը վերաբերող փաստաթղթերի, մասնավորապես՝ շուրջ 5 /հինգ/ տարիների ընթացքում կազմված ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև դուրս գրված ու ստացված հաշիվ-ապրանքագրերի զննություն, որի արդյունքում ձեռք են բերվել քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:
3. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվել է մեծածավալ, մի քանի տասնյակ թղթապանակներից բաղկացած հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերի զննություն, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված հափշտակությունների վերաբերյալ: Կատարվել է նաև նշված փաթեթների թղթապանակներում առկա պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի, հանձնման-ընդունման ակտերի, արձանագրությունների ուսումնասիրություն:Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված առգրավումների և հարցումների արդյունքում ստացված մաքսային գործերի ու ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական բազաներում ապրանքատեսակների ներմուծումների տվյալների ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել քննության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները։
4. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Ա.Շ-ի մասնակցությամբ առգրավվել են 2014-2019 թվականներին կազմված թվով 14 թղթապանակներում ներառված հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական փաստաթղթերը, մասնավորապես՝ ներմուծման փաստաթղթերը, հաշիվ-ապրանքագրերը, հաշվարկ-հաշվետվությունները, գործուղման թերթիկները, դրամարկղի գիրքը և կից օրդերները, գնումների վերաբերյալ պայմանագրերը և պետական գնումներին մասնակցելու հայտերը, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ինչպես նաև ընկերության վերաբերյալ վարվող համակարգչային ծրագրերի բազաներ:
ՀՀ քննչական կոմիտե