Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Չարաշահումներ են բացահայտվել Վանաձորում սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում. ձերբակալվել է սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցը

ապրիլ 12, 2018

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել Վանաձորում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

2018 թվականի ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Վանաձորում քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար գումար պահանջելու և ստանալու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 311. 1–րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 312.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Ձեռնարկված համատեղ  անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետը և «Հայփոստ» ՓԲ ընկերության Ազնվաձորի փոստային մասնաճյուղի աշխատակիցը, պարզվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետը, 2006-2018 թվականների ընթացքում մի շարք բնակիչների նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու համար, վերջիններիցս տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է գումար: Նախնական տվյալներով՝ գումարներն ստանալու գործընթացում գլխավոր մասնագետին օժանդակել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Ազնվաձորի փոստային մասնաճյուղի աշխատակիցը:

Քննությամբ արդեն պարզվել են 5 տարբեր անձանց նպաստի տրամադրումը կազմակերպելու համար ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքեր։

Ապրիլի 11-ին ձերբակալվել է սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետը, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ապօրինի վարձատրության դրսևորման հնարավոր այլ դրվագներ բացահայտելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: