Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Տղամարդը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով (տեսանյութ)

հունվար 17, 2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիս քաղաքի 48-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. հունվարի 16-ին` ժամը 19-ին, «Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ-ից,  որով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժինը տեղեկացվել է, որ «Որովայնի և ձախ նախաբազկի շրջանի թափանցող, արյունահոսող վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի՝ 1973թ. ծնված բնակիչը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն  օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում ավտոմեքենայի առք ու վաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ համաքաղաքացու կողմից, ով դանակով դիտավորությամբ հարվածել է նրան և դիմել փախուստի:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել դատագենետիկական, դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։

2022թ. հունվարի 17-ին Վարդենիս քաղաքի բնակիչը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին: Վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ 48-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: