Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Քրեական գործ՝ հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ (տեսանյութ, լուսանկարներ)

փետրվար 21, 2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց են բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել է նաև իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային և կանգնել։

Վթարի հետևանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը  և 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղևորները տեղում մահացել են, իսկ ուղևորներից մեկը (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանակարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության:

«BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում. վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դատատոկսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: