Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

նոյեմբեր 08, 2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ  Գրիգոր Սահակի Վարդանյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքում զինծառայողի կողմից խախտվել են մարտական հերթապահության իրականացման կանոնները, ինչի արդյունքում 2021թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, մարտական դիրքի ճաշարանում, հրազենից արձակված կրակոցից վիրավորում է ստացել նշված մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: