Լրահոս
28.08.23, 17:37

17-ամյա երիտասարդը կալանավորվել է 18-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով

17-ամյա երիտասարդը կալանավորվել է 18-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով

 

Բացահայտվել է օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության դեպքը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել հիշյալ երիտասարդը, ով, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 2006թ.:

Պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ.Հովհաննիսյան փողոցի շենքերից մեկի հարակից այգում տուժողի եղբոր հետ նախկինում տեղի ունեցած անձնական բնույթի վեճի կապակցությամբ 17-ամյա երիտասարդը հանդիպել է վերջինիս ավագ եղբորը՝ 18-ամյա երիտասարդին:

Վիճաբանության ընթացքում 17-ամյա երիտասարդն իր ձեռքին եղած սուր կտրող-ծակող գործիքով, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

2023թ. օգոստոսի 25-ին 17-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն Շենգավիթի բաժին։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 17-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: