31-ամյա տղամարդն առանձին դաժանությամբ սպանել է նախկին կնոջը. նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից 35-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 21:15-ից մինչև 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում գտնվող շենքի բնակարանում 31-ամյա տղամարդը վիճաբանել է իր նախկին կնոջ հետ և իրենց մանկահասակ դստեր ներկայությամբ, կնոջն առանձին դաժանությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անտեսելով և անտարբերություն դրսևորելով դստեր և կնոջ տանջալից ապրումների նկատմամբ, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, խեղդելու նպատակով, 31-ամյա տղամարդը սեղմել է նախկին կնոջ պարանոցը, որի արդյունքում 35-ամյա կինը մեխանիկական շնչահեղձությունից մահացել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: