ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին և Հնդկաստանում վերապատրաստում անցած քննիչներին
2026 թվականի մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Քննչական կոմիտեի 15 քննիչները, ովքեր 2026 թվականի փետրվարի 16-27-ը Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում Գուջարաթ նահանգի Գանդինագար քաղաքում գտնվող Ազգային դատաբժշկական գիտությունների համալսարանում մասնակցել են «Փողերի լվացման դեմ պայքարի, թվային հետախուզություն և կրիպտոարժույթ» խորագրով դասընթացին:
Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է վերապատրաստման արդյունքում մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, հատկապես՝ փողերի լվացման դեմ պայքարի, թվային հետախուզության, կրիպտոարժույթների հետ կապված հանցագործությունների բացահայտման ոլորտներում՝ համարելով կարևոր ներդրում Քննչական կոմիտեի կարողությունների զարգացման գործում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել դասընթացին մասնակցած քննիչներին անձամբ հանդիպելու, նրանց կարծիքներն ու տպավորությունները լսելու հնարավորության համար:
Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայիի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն մասնագիտական կարողությունների զարգացման և փորձի փոխանակման նպատակով վերապատրաստումներ կազմակերպելու ուղղությամբ:
Արթուր Պողոսյանը բարձր գնահատելով Հնդկաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը և դեսպանի անձնական ներգրավվածությունն ու ներդրումը հայ-հնդկական իրավապահ համագործակցության զարգացման գործընթացում՝ Նիլակշի Սահա Սինհային պարգևատրել է Քննչական կոմիտեի «Պատվավոր գործընկեր» մեդալով: