Լրահոս
    13.06.23, 11:05

    41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

    41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

    2023 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքի 58-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 41-ամյա եղբորորդին, Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող իր տան բակում պտուտակահանով հարվածել է իր գլխին, կրծքավանդակին և ձախ թևատակին:

    Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, դեպքի ժամանակ տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

    Վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով նշված օրը` ժամը 18:30-ի սահմաններում, եղբորորդին՝ 41-ամյա տղամարդը, հորեղբոր տան բակում վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող պտուտակահանով հարվածներ է հասցրել նրա գլխին, կրծքավանդակին և ձախ թևատակին, նախնական տվյալներով, փորձելով վրեժ լուծել 2007թ․ հոր սպանության համար, որի կատարման համար դատապարտված է եղել ազատազրկման:

    41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հիշյալ հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: