Լրահոս
    22.05.17, 09:13

    5 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու կասկածանքով

    5 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու կասկածանքով

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1983թ. ծնված  Ա.Վիրաբյանի առևանգման դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

    2017թ. մայիսի 19 ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան փողոցից առևանգել են  քաղաքացի Ա.Վիրաբյանին:

    Նախնական տվյալներով՝ երիտասարդ տղամարդուն խաբեությամբ և սպառնալիքով Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 28/1 շենքի բակից նստեցրել են ավտոմեքենան, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և նրա կամքին հակառակ տեղափոխել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող գերեզմանատուն, որտեղ բռնություն են գործադրել նրա նկատմամբ և զենքի սպառնալիքի ներքո պահանջել կանխիկ գումար։ Տղամարդուն  ազատ են արձակել ժամը 21:30-ի սահմաններում։

    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7 կետերի  հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Ա.Վիրաբյանը ճանաչվել է տուժող:

    Մայիսի 20-ին Ա.Վիրաբյանին առևանգելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է:

    Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել առերես հարցաքննություններ:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: