Լրահոս
09.09.16, 15:27

60-ամյա կնոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն

60-ամյա կնոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ:  Սպանությունը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 27-ամյա որդուն:

2016թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկում դանակահարված կնոջ դիակ է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Ա.Ղազարյանի գլխավորությամբ, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ դեպքի պահին 60-ամյա կինը տանը գտնվել է որդու հետ միասին։ Անձնական հարցերի շուրջ վիճաբանելով մոր հետ՝ որդին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է հասցրել մոր կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին։ Ստացած մարմնական վնասվածքներից Օ.Խաչատրյանը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ մորն սպանելու  համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: