Լրահոս
09.09.16, 14:04

7 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան

7 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան
Հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանականերում ավարտվել է 7 մեղադրյալի մասով նախաքննությունը և ուղարկվել  դատարան։

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. հուլիսի 20-ին Մ.Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշ մասնակիցներ ոստիկանության աշխատակիցներին ներկայացրել են անհիմն պահանջներ և հարձակվել  իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանների վրա՝ վերջիններիս նկատմամբ կիրառելով բռնություններ։

Անկարգությունների մասնակիցները, ոտքերով, ձեռքերով հարվածելով ու տարատեսակ առարկաների կիրառմամբ, բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, քարեր, շշեր և այլ առարկաներ են նետել նրանց վրա, վնասել և ոչնչացրել են ոստիկանության գույքը, պոկել և վնասել ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները, կոտրել տարածքում գտնվող խանութի և բենզալցակայանի ապակիները, վնասել քաղաքապետարանին պատկանող գույքը: Տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տասնյակ անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից 46-ը ճանաչվել են տուժող։

Քննությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ անկարգության մասնակիցների ինքնությունը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Նրանց մասով քրեական գործերն անջատվել են առանձին վարույթ և դրանք՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մյուս մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: