Լրահոս
04.12.23, 12:14

Ագարակ բնակավայրի 93-ամյա կնոջ սպանության համար մեղադրանք է ներկայացվել 24-ամյա երիտասարդին, ով կալանավորվել է

Ագարակ բնակավայրի 93-ամյա կնոջ սպանության համար մեղադրանք է ներկայացվել 24-ամյա երիտասարդին, ով կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում շարունակվում է Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի տարեց բնակչուհու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։40-ին¸ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում  հայտնաբերվել էր նույն հասցեի 93-ամյա բնակչուհի Ա.Առաքելյանի դին՝ գլխի շրջանում առկա վնասվածքներով:

Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ տարեց կնոջը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է հասցրել նույն համայնքի բնակիչ, 24-ամյա Է.Ա.-ն:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Է Ա-ն ուշ երեկոյան նախ այցելել է նախկին ընկերուհու տուն, թակել լուսամուտը, այնուհետև տեսնելով, որ նկատել են իրեն, չբացահայտվելու նպատակով հեռացել է և գնացել հարևանությամբ գտնվող տարեց կնոջ տան բակ, կոտրել տուժողի տան պատուհանի ապակին և, խախտելով տանտիրուհու բնակարանի անձեռնմխելիությունը, պատուհանով ապօրինի մուտք է գործել տուն:

Այնուհետև մոտեցել է անկողնում պառկած, անօգնական վիճակում գտնվող կնոջը և հասկանալով, որ վերջինս ճանաչել է իրեն, ապօրինի տուն մտնելու իր հանցագործությունը թաքցնելու նպատակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա Առաքելյանի գլխի և դեմքի շրջանին, որի հետևանքով կինը մահացել է:

Վերջինիս սպանելուց հետո երիտասարդը տանտիրուհուն պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել և հեռացել է։

Ձերբակալված Է.Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր տուժողին պատկանող բջջային հեռախոսը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 24-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 207-րդ հոդվածի 1-ին մասով և 254-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: