ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են միջազգային հարցումների կատարմանը, ժամկետների կրճատմանը վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի (DOJ) քրեական գործերով ստորաբաժանման արտաքին կապերի գրասենյակի (OIA) Հայաստանի հարցերով համակարգող Դէյվիդ Սիլվերբրենդի հետ:
Հաշվի առնելով Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին ներկայացված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների նկատվող աճը` ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են իրավական օգնությունն ապահովելու նպատակով իրականացվող վարույթային և այլ գործողությունների օպերատիվ կատարմանն առնչվող գործնական և խնդրահարույց հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հարցումների կատարման ժամկետները հնարավորինս կրճատելու հարցը:
Վիրջինիա նահանգի Քվանտիկո քաղաքում տեղակայված ԱՄՆ ՔԴԲ ազգային ակադեմիա այցելության ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը քննարկել է ՀՀ ՔԿ ծառայողների վերապատրաստման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետն այցելել է նաև ԱՄՆ Գլենդել քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել տեղի քաղաքային ոստիկանության պետի տեղակալ Կարլ Պովիլայտիսի, քննչական բյուրոյի ղեկավար Բոբ Զահրեդդիի և մի շարք այլ պատասխանատուների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` անհրաժեշտության դեպքերում միջազգային հարցումների ամբողջական և հրատապ կատարումն ապահովելու նպատակով համապատասխան լրացուցիչ տեղեկատվության փոխանցումը դյուրացնելու ընթացակարգը, առանձին հանցատեսակների քննության կապակցությամբ կուտակված փորձի փոխանցման վերաբերյալ համատեղ սեմինար - քննարկումների, վերապատրաստումների անցկացման հնարավորությունը: