Լրահոս
23.12.20, 10:42

Ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 52-ամյա բնակիչը, չունենալով վառելափայտ ձեռք բերելու համար համապատասխան փաստաթուղթ, 2020թ. հուլիսի 8-ին իրեն պատկանող բեռնատար ավտոմեքենայով գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժին, որտեղ հաճարենի, բալենի, թխկի և բոխի տեսակի ծառերից ապօրինի մթերել է վառելափայտ` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով  զգալի չափերի նյութական վնաս:

Այնուհետև 52-ամյա տղամարդը փայտանյութը բեռնել է վերը նշված ավտոմեքենան և առանց թույլտվության տեղափոխել անտառային հողերի տարածքից, սակայն նույն ամսվա 10-ին` ժամը 00:40-ի սահմաններում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով նշված ավտոմեքենան Փամբակ գյուղի վարչական տարածքում ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ստուգման և տեղափոխվել  ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 52-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: