Արարատի մարզի 55-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արարատի մարզի բնակչի կողմից հարազատների նկատմամբ սպանության փորձ և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արարատի մարզի 37-ամյա բնակիչը, մտնելով Մասիս քաղաքում գտնվող իրենց տան հյուրասենյակ, տեսել է, որ 55-ամյա մորեղբայրը, ալկոհոլի ազդեցության տակ, բարձը դնելով անկողնային հիվանդ 89-ամյա պապի գլխին, փորձել է խեղդել նրան: 37-ամյա տղամարդն անմիջապես նրան քաշել է մի կողմ և բարձը ձեռքից վերցրել: Այնուհետև տան բակում գտնվող ավտոտնակում 55-ամյա տղամարդը, դանակը ձեռքին, հարձակվել է քրոջ 37-ամյա որդու վրա, հարվածներ հասցրել վերջինիս:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ: Կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
55-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: