Արձագանք՝ «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը
«Ժամանակ» օրաթերթի՝ ապրիլի 4-ի համարում հրապարակվել է «Գործ «Ջրողը» վերտառությամբ հոդվածը, որտեղ, անդրադառնալով ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի հարազատների՝ մոր և քրոջ մասնակցությամբ տեղի ունեցած ենթադրյալ խարդախության գործին, տարածվել են ոչ ճիշտ տեղեկություններ և դրանց հիման վրա վիճարկվել ՔԿ ծառայողի գործողությունների իրավաչափությունը։ Մասնավորապես՝ նյութում հեղինակը նշել է, թե, իբր, ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի պետի «համառ ջանքերի» արդյունքում քրեական գործը կարճվել է։
Կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ հոդվածագիրը իր մասնագիտական գործունեության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և ընթերցողներին տրամադրել ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։ Իրականում տվյալ քրեական գործի վարույթը չի կարճվել, ավելին՝ այն ՀՀ քննչական կոմիտեի վարույթում չի քննվում։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ Նկատի ունենալով, որ հրապարակման մեջ մատնանշված ենթադրյալ հափշտակության վերաբերյալ քրեական գործը ներկայումս չի քննվում ՀՀ ՔԿ վարույթում՝ հետևապես գործի հանգամանքների վերաբերյալ մանրամասն տվյալներ ներկայացնել չենք կարող, սակայն փաստենք, որ դեռևս 2018թ. փետրվարի 2-ին վիճարկվող քրեական գործը ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն, որից հետո մարտի 21-ին դատախազությունից ստացվել է գրություն առ այն, որ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը: