Առերևույթ հավաքագրվել և լրտեսություն է կատարել Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների հանձնարարությամբ. Ս.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների, արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Գ.–ն, 2018-2023թթ. Արցախում զբաղեցնելով տարբեր՝ մասնավորապես` Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա` Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին` 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Ս.Գ.–ն համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։
Այնուհետև, Ս.Գ.–ն օտարերկրյա հետախուզության ծառայության հիշյալ աշխատակցի առաջադրանքով, 2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ. սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ` այդպիսով կատարելով լրտեսություն:
2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո Ս.Գ.–ն, օտարերկրյա հետախուզության ծառայության վերը նշված աշխատակցի կողմից ստանալով պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:
Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Գ.–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Քրեական վարույթից Ս.Գ.–ի վերաբերյալ մասն անջատվել և, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: