Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով. հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)
2021թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով դի կա:
Դեպքի վայրի զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու դիակը՝ գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքում՝ «Վալտեր P 22» տեսակի ատրճանակ, որի փամփշտանոցում եղել է մեկ չկրակված փամփուշտ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն իր մոտ պահվող ատրճանակով ինքնասպան է եղել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել համալիր դատաքիմիական և դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: