Այգեձոր բնակավայրի՝ պայմանագրային զինծառայող հանդիսացող անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել է Արագածոտնի մարզի բնակիչ
2024թ․ օգոստոսի 28-ին` երեկոյան, ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքերով Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել Այգեձոր բնակավայրի 19-ամյա բնակիչ։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Այգեձոր բնակավայրի գյուղամիջյան հատվածում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մի կողմից գյուղի մի քանի երիտասարդներ, մյուս կողմից՝ ինքնությունները դեռևս չբացահայտված մի խումբ անձինք, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում դանակով հարվածներ է ստացել Այգեձոր բնակավայրի վերոնշյալ 19-ամյա բնակիչը։
Հաշվի առնելով, որ միջադեպի մասնակից անձանցից մի քանիսը, այդ թվում՝ 19—այմա երիտասարդը, պայմանագրային զինծառայողներ են, օգոստոսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է 19-ամյա երիտասարդին ծակած-կտրած մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի Ապարան համայնքից է:
Իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա, նշված միջադեպի ընթացքում խմբի կազմում, ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել այլ անձանց մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև, տաբատի գրպանից հանած դանակով, առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է Այգեձոր բնակավայրի 19-ամյա բնակչին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։
Օգոստոսի 30-ին մեղադրյալը ձերբակալվել է և ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է։
Նախաքննությունը շարունակվում է։