Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացիներ ներգրավվել են որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացիներ որպես վարձկաններ ներգրավված են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին: Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 6-ին որոշումներ են կայացվել Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նույն օրը որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և միջնորդություններ ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: