Լրահոս
19.11.24, 14:35

ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է

ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խ Քոքոբելյանի հոր՝  Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մասով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԻԻՀ նշված քաղաքացին ՍՄանուկյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել 84–ամյա տղամարդուն առևանգելու և շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի՝ 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։ Գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, իրենց գործողությունները հնարավորինս քողարկված իրականացնելու և հետագայում բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով, վերը նշված գումարը կրիպտոարժույթի տեսքով ստանալու համար թվային արժույթի դրամապանակ բացելու հարցով ԻԻՀ քաղաքացին դիմել է ԻԻՀ-ում բնակվող իր մտերիմին՝ պատճառաբանելով, որ անձամբ չի կարող դա անել:

Բիթքոինի կրիպտոարժույթի հաշիվ-դրամապանակի տվյալները տրամադրելուց հետո, վերջինս, ԻԻՀ քաղաքացու խնդրանքով ձեռք է բերել նաև օտարերկրյա՝ ուկրաինական վիրտուալ հեռախոսահամար, որով բացել է «WhatsApp» բջջային հավելված: Նշված գործողություններն իրականացվելուց հետո, Ս Մանուկյանը, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, հանցավոր խմբի անդամների հետ 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել և սպասել են նշված տան 84-ամյա բնակչին:  Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են նրան նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:

Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը և հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչև 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը՝ հսկել են տարեց տղամարդուն:

Այնուհետև ՍՄանուկյանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն և հանդիպել ԻԻՀ հիշյալ քաղաքացուն: Շարունակելով իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ խմբի անդամները 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, տարեց տղամարդու որդուն՝ Խ. Քոքոբելյանին, վերոնշյալ հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: Բացի այդ, նրանք բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:

«WhatsApp» հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն: Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո, 2022թ. օգոստոսի 2-ին Ս Մանուկյանը Իրանից վերադարձել է Հայաստան և Ա Ք-ի հետ, իրենց մտերիմից վերցնելով HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենան, ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքից ուղևորվել և ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչև վերջիններիս տեղ հասնելը, Թ. Պ-ն բամբակե և բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, որից հետո վերջինիս տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան և հեռացել: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել Իջևան քաղաքի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը և պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Ժամը 18։00-ի սահմաններում 84–ամյա տղամարդը հայտնաբերվել է նշված վայրում: Շարունակելով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը՝ վերջինիս հարազատները վերը նշված եղանակով ևս 20.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք փոխանցում են կատարել հիշյալ կրիպտոարժույթի հաշվին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: