Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվելու դեպք. ՍՊԸ տնօրենին մեղադրանք է ներկայացվել. պատճառված վնասից վերականգնվել է 10մլն ՀՀ դրամի չափով
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով և 383-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև իրավասու մարմինների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, իր գործունեության ընթացքում՝ 2023թ․ դեկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում, ընդերքի պահպանման և օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով, դուրս գալով իրեն հատկացված սահմաններից, իրականացրել է ապօրինի հանքարդյունաբերական աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի վնասում՝ հանգեցնելով օգտակար հանածոյի մեծածավալ կորստի:
Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում, Մասիս համայնքի տարածքում` Հրազդան գետի ավազանում, ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված, թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք չունենալով, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է ընկերությանը տրամադրված թույլտվությամբ նախատեսված սահմանային կետերի կոորդինատներից և թույլ տալով նույն օրենքով նախատեսված իրավունքի խախտում՝ դուրս է եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։
Այնուհետև՝ ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված պահանջների անտեսմամբ, այն է` առանց ընդերքօգտագործման իրավունքի, մեկ միասնական դիտավորությամբ, նույն համայնքի տարածքում գտնվող, գործառնական և նպատակային նշանակությունները չփոփոխված՝ ջրային և գյուղատնտեսական, արոտավայր և վարելահող նպատակային և գործառնական նշանակության հողատարածքներում հանքարդյունահանման աշխատանքներ կատարելու իրավունք չունենալով, ընդերքն օգտագործելու եղանակով, արդյունահանել է պետական սեփականություն համարվող ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված վճարման ենթակա 18.729.236 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 18.353մ ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային՝ ընդհանուրը 19.229.236 ՀՀ դրամի վնաս:
Բացի այդ, ընկերության հակաօրինական գործունեության հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել ընդհանուրը 7242մ2 մակերեսով գյուղատնտեսական, վարելահողի նպատակային և գործառնական նշանակությամբ հողատարածքները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում և վնասում։ Դրա հետևանքով նշված հողային ռեսուրսներին և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուրը 1.768.370 ՀՀ դրամի գույքային վնաս:
Շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, այսինքն առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով և անտեսելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները, ընկերության տնօրենը չի վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով և 383-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում ՍՊԸ-ի տնօրենի կողմից մասնակի՝ 10.000.000 ՀՀ դրամի չափով, վերականգնվել է պատճառված վնասը:
Նախաքննությունը շարունակվում է: