Բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաշված ժամերի ընթացքում, բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը:
2018թ-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, անհայտ անձը զինված մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող ՓԲ ընկերության դեղատուն, որտեղ դեղատան աշխատակցուհու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 156.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը՝ դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում դեղատան աշխատակցուհին և ՓԲ ընկերությունը ճանաչվել են տուժող:
Քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ներկայացվել կասկածյալը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1982 թվականին:
Կասկածյալը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: