Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2024 թվականի հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են փաստական տվյալներ Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից առերևույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող և կոչումով կրտսեր սերժանտ, «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում առկա՝ իր տվյալներով օգտահաշվով 2023թ․ հունվար ամսից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, նույն սոցիալական կայքում մտացածին անվամբ օգտահաշվի ներքո քողարկված անձի հետ։ Ծավալված սիրային զրույցների արդյունքում, վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈՒ նշված պայմանագրային զինծառայողի հետ և, հավաքագրել վերջինիս։
Դրանից հետո 43-ամյա տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի հետ ձևավորված շփումը շարունակական պահպանելու համար, վերջինիս առաջադրանքով 2023թ․ հունվարի ամիսց մինչև 2024թ․ փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ։ Այդ գործողություններով վնաս են պատճառվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:
ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 43-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանմանը։
Հուլիսի 2-ին վերջինս ձերբակալվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Նրան մեղադրանք է ներկայացվել։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 43-ամյա անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։