Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից էլեկտրական բարձր լարման հաղորդալարերի գողության և գողության փորձի դեպքերը. 7 անձի մեղադրանքներ են ներկայացվել (լուսանկարներ)
2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հյուսիս-արևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000մ, 3000մ և 1500մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4.400.000 ՀՀ դրամի վնաս։
2024 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է ստացվել նաև քաղաքացուց այն մասին, որ իր ծանոթ, Սյունիքի մարզի Տաթև համայնքի բնակիչը նախօրեին առաջարկել է իրեն պատկանող «Գազ 53-12» մակնիշի բեռնատարով, որոշակի վարձատրության դիմաց, Գավառ համայնքից ալյումինե մալուխներ տեղափոխել Այնթապ բնակավայր:
Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ), 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, քրեական վարույթները միացնելու և նախաքննությունը համատեղ կատարելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչների և Ոստիկանության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ նշված գողությունները և գողության փորձը կատարվել են կազմակերպված խմբի կողմից:
Մասնավորապես` քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի վեց անդամները, ովքեր Սյունիքի մարզի բնակիչներ են, նախնական համաձայնության գալով, ձեռնամուխ են եղել խոշոր չափերով հափշտակություն կատարելուն, իսկ գողացված մալուխները խմբի անդամներից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել են Այնթապ բնակավայրում գտնվող մետաղի ընդունման կետ։
Նախաքննության ընթացքում ընդհանուր թվով 7 անձ ձերբակալվել է, ովքեր կատարվածի վերաբերյալ տվել են մանրամասն խոստովանական ցուցմունքներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա չորս անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, երկու անձի նկատմամբ 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, իսկ մեկի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նշված անձանց ներկայացվել է մեղադրանք:
Մեկ անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ չորսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է։