Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. մայիսի 10-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելով, տրանսպորտային միջոցները կայանել են ճանապարհի երթևեկելի մասում՝ այդ կերպ իրականացնելով անհնազանդության ակցիա:
Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները միջպետական նշանակության ավտոճանապարհին իրականացրել են հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ապահովել միջպետական ճանապարհով տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը:
Ոստիկանության ծառայողները, ունենալով իրենց լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելու իրավունք, նշված տեղանքում ճանապարհային երթևեկությունը կարգավորելու նպատակով պահանջել են երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող վայրերում կանգնած տրանսպորտային միջոցները հեռացնել, ինչին ի պատասխան՝ բողոքի ակցիային մասնակցող վարորդները հրաժարվել են այդ պահանջները կատարել, և երբ ոստիկանության ծառայողներից մեկը փորձել է «Վազ Պրիորա» մակնիշի տրանսպորտային միջոցի ձեռքի արգելակն իջեցնելու միջոցով այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և ազատել այն, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը՝ Վայք քաղաքի 19-ամյա բնակիչը, հարվածներ է հասցրել ոստիկանության նշված ծառայողի մեջքի շրջանին և քաշքշել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 ամիս ժամանակով:
Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին: