Բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս:
Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրա գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: