Լրահոս
19.06.24, 14:39

Դասընթաց՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ ուղղված ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունների դեպքերի քննության արդյունավետության բարձրացմանը

Դասընթաց՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ ուղղված ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունների դեպքերի քննության արդյունավետության բարձրացմանը

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել և անցկացվել է երկօրյա դասընթաց։

Այն ուղղված էր կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը, դրա դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի բարելավմանը՝ հիմքում ունենալով ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով 2024թ. իրականացված ազգային օրենսդրության փոփոխությունները։

Դասընթացին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, ինչպես նաև` տարածքային ստորաբաժանումների թվով 24 քննիչներ, ովքեր զբաղվում են ընտանեկան և գենդերային հիմքով բռնության դեպքերի քննությամբ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Երևանում ԵԽ գրասենյակի՝ նշված ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ Երևանյան գրասենյակին՝ նման դասընթացի կազմակերպման համար, որը ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունների դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ում իրականացված օրենսդրական վերջին կարևոր փոփոխությունների լույսի ներքո կօգնի ՀՀ ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Արսեն Այվազյանը տեղեկացրել է կանանց  նկատմամբ  բռնության և ընտանե­կան­ բռնութ­­յան կանխարգելմանը, քրեաիրավական պայքարի համատեքստում, միջազգային գործիքակազմի և կիրառելի ստանդարտ­ների հիման վրա քննիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև  մատաղ սերնդի հետ իրավագիտակցության բարձրացման, կանխարգելիչ նպատակներով անհրաժեշտ իրազեկման աշխատանքների իրականացմանն ուղղված ՀՀ ՔԿ նախաձեռնությունների, համակարգում կին քննիչների թվաքանակի ավելացմանն ուղղված քաղաքականության ու արձանագրվող դրական միտումների մասին:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն նախ գնահատանք է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության և ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։ Նա կարևորել է համագործակցության խթանումը միջազգային չափանիշների և ազգային օրենսդրության համապատասխանեցման, ընտանեկան բռնությունից տուժածների իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից: Ընտանեկան, գենդերային հիմքով բռնության դեպքերի քննության ընթացքում միջազգային լավագույն փորձին ծանոթանալը, ըստ պարոն Լոնգանգեի, կարող է զինել քննիչներին Հայաստանում նման դեպքերի արդյունավետ հետաքննության և արձագանքման համար:

Դասընթացն անցկացրել են միջազգային և հայաստանյան փորձագետներ, որոնք ներկայացրել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի  եվրոպական, կոնվենցիոնալ չափանիշները, պետությունների պարտավորությունները, միջազգային լավագույն փորձը, ՀՀ օրենսդրության բարեփոխումները։

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործերով հանցավորների քրեական հետապնդման ուժեղացմանը միտված քննչական մեխանիզմները, տուժողների նկատմամբ վերաբերմունքի առանձնահատկություններն ու զոհակենտրոն մոտեցումները, միջգերատեսչական համագործակցությանը, ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքների լավարկմանն առնչվող խնդիրներ։