Լրահոս
06.11.23, 16:12

«Եռաբլուր»-ի տարածքում կատարված խուլիգանության և 2 պատգամավորների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերը, երկու անձի մասով, ուղարկվել են դատարան

«Եռաբլուր»-ի տարածքում կատարված խուլիգանության և 2 պատգամավորների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերը, երկու անձի մասով, ուղարկվել են դատարան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2023թ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնի տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու և խուլիգանության դեպքի էական հանգամանքները:

Ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023թ սեպտեմբերի 21ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հ Ասլանյանի, Հ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, նաև՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ԱԺ պատգամավոր Հ Աղազարյանին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ  2023թ սպետեմբերի 21-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ա Գ-ն, Ա Ա-ի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ՝ խմբի կազմում, գտնվելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական նորմերի նկատմամբ, Հայաստանի անկախության պետական տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հ Աղազարյանի և Հ Ասլանյանի քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված՝ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել և անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին։

Այդ ընթացքում Ա Գ-ն ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, իսկ ԱԱ-ն հրել և սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել պատգամավորների հասցեին։ Այդ գործողություններով խոչընդոտվել և թույլ չի տրվել պատգամավորներին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված երկու անձանց վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։

ԱԳ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նշված երկու անձանց մեղսագրվող արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Խուլիգանական արարքներին այլ անձանց առերևույթ մասնակցության մասով նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: