Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ մեկ անձ ձերբակալվել է

Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության, սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
2023 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:50-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ երիտասարդներ Էրեբունի թանգարանի մոտակայքում ոչ սթափ վիճակում բղավում, հայհոյում են և կրակում միմյանց ուղղությամբ։
Դեպքի առթիվ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ: Ռեստորանային համալիրից քիչ հեռու՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, իսկ մեքենայի տարբեր հատվածներում առկա են եղել կրակոցի հետքեր: Ռեստորանային համալիրի դիմացի հատվածում հայտնաբերվել է նաև շարժիչը միացված վիճակում գտնվող «BMW 530 XI» մակնիշի ավտոմեքենա։
Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրում բռնվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 25-ամյա բնակիչ։ Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է՝ առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։ Դրա ընթացքում վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը կրակոցներ է արձակել վիճաբանող անձանց և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Նշանակվել են դատաապրանքագիտական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև` վիճաբանությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այդ նպատակով ոստիկանության Էրեբունու բաժնին տրվել է հանձնարարություն:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: