Երեխայի կենսաբանական մորը և հայրությունը ճանաչած անձին մեղադրանք է առաջադրվել ՔԿԱԳ-ում սուտ տեղեկություններ հաղորդելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի և միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո նրան կհանձնի երեխային՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց: Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին, և պայմանավորվածության համաձայն՝ դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել։
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կինը հրաժարվել է իր տված հաղորդումից:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, Գյումրու 26-ամյա բնակչուհին, լինելով հղի և չունենալով բավարար սոցիալական և նյութական պայմաններ՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրան խնամելու համար, 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին հարևաններին և շրջապատի մարդկանց հայտնել է, որ ցանկանում է հղիությունը վաղաժամ ընդհատել, այլապես, ծննդաբերելուց հետո իր զավակին թողնելու է հիվանդանոցում կամ հանձնելու է մանկատուն: Նրա այդ մտադրության մասին տեղեկացել է նաև հարևանուհիներից մեկը: Նա այդ մասին հայտնել է իր քրոջը և նրա ամուսնուն, ովքեր 20 տարվա ամուսիններ լինելով, երեխա չեն ունեցել: Ամուսինները հանդիպել են երեխայից հրաժարվել պատրաստվող հղի կնոջը և նրա մորը ու խնդրել վաղաժամ չընդհատել հղիությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երեխայի ծնվելուց հետո ամուսինները կվերցնեն նորածնին՝ պարտավորվելով նրան պահել հարազատ զավակի նման:
Մինչև ծննդաբերելը՝ ամուսինները խնամել են նրան, մասնավորապես՝ կինը հոգացել է հղի կնոջ կարիքները, ապահովել սնունդով, որ կարողանա առողջ երեխա ծննդաբերել: 2014 թվականի սեպտեմբերի 18-ին վերջինս ծննդաբերել է արու զավակ: Հաջորդ օրը` 2014 թվականի սեպտեմբերի 19-ին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրու տարածքային բաժնում գրանցվել է նորածնի ծնունդը, որտեղ տղամարդը դիմում է ներկայացրել նորածնի հայրությունը ճանաչելու մասին: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրու տարածքային բաժնի աշխատակցուհին դիմումատուներին նախազգուշացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Սակայն դիմումատուները պնդել են, որ երեխայի հայրը տվյալ անձն է, և երեխան ստացել է նրա ազգանունը:
Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնցով հիմնավորվել է, որ իրականում նա չէ նորածին երեխայի հայրը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեխայի կենսաբանական մոր և հայրությունը ճանաչած անձի նկատմամբ դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը եւ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: