Երեք ընկերները ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2021թ. ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով իր երկու ընկերների հետ գնացել է Եղեգնաձոր քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ: Նշված վայրում նկատելով Գետափ գյուղի 37-ամյա բնակչին՝ երեք ընկերներն իջել են ավտոմեքենայից, մոտեցել և վիճաբանության են բռնվել Գետափ գյուղի բնակչի հետ, որի ժամանակ 34-ամյա տղամարդը, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բռնել է վերջինիս ձեռքից՝թույլ չտալով փախչել, նրա ընկերներից մեկը վերոնշյալ ավտոմեքենայի բեռնախցիկից դուրս է բերել որսորդական ողորկափող հրացանը և փոխանցել 34-ամյա ընկերոջը, իսկ մյուսը փորձել է բռնել 37-ամյա տղամարդուն :
Վերջինս, իր կյանքին վտանգ սպառնալու հանգամանքից ելնելով, դիմել է փախուստի, որի ժամանակ 34-ամյա տղամարդը, բռնություն գործադրելու սպառնալիքով, որսորդական հրացանից երեք կրակոց է արձակել նրա ուղղությամբ, որից հետո երեք ընկերները «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեք ընկերները ձերբակալվել են՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: