Երևան քաղաքի մի քանի հասցեներում պայթուցիկներ տեղադրելու և պայթեցումների միջոցով ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ․ վերջինս հետախուզվում է
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են լայնածավալ քննչական գործողությունները՝ 2024թ․ փետրվարին Երևան քաղաքում կատարված ահաբեկչության դեպքերի լիարժեք բացահայտման ուղղությամբ։
Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր ավելի վաղ, նշված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթյունի իրականացմանը, ինչպես նաև՝ Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փողոցի 33-րդ շենքի և Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարքերի տեղադրման կազմակերպմանը, բացի վարույթով մեղադրյալ Գ․Ս․-ից և ինքնությունները դեռևս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաև 42-ամյա Գ․ Վ․-ն:
Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջինս բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանին և ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, քննությամբ չպարզված անձանց հետ, կազմակերպել է Հայկ և Նաիրի Սարգսյանների հորը՝ Զ․ Սարգսյանին պատկանող, Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցում գործող ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած, քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույք վնասելով զուգորդված պայթյունը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 3 դրվագ հանցանքներ կատարելու համար Գ․Վ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է։