Լրահոս
18.03.22, 10:21

Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 44-ամյա տղամարդ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մոսկովյան փողոցում տեղի ունեցած դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 2022թ. մարտի 7-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոցներ է արձակել 49-ամյա տղամարդու ուղղությամբ և դիմել փախուստի, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ տուժածին ժամանակին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի՝ 1978թ. ծնված բնակիչ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: