Լրահոս
17.11.23, 20:35

Երևանում հրեական կրոնական հաստատության դռները օտարերկրացու կողմից հրկիզվել և տեսանկարահանվել է առերևույթ ազգային, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով․ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանում հրեական կրոնական հաստատության դռները օտարերկրացու կողմից հրկիզվել և տեսանկարահանվել է առերևույթ ազգային, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով․ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

2023թ. նոյեմբերի 15-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օր, ժամը 06:00-ի սահմաններում, անհայտ անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 23-րդ հասցեում գտնվող շինության առաջին և երկրորդ հարկերի մուտքերի դռները հրկիզելու միջոցով պատճառել է գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Պատճառված գույքային վնասը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Ոստիկանությանը տրվել է քննության համար հետաքրքրություն ներկայացնող հանգամանքները, հանցանքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված հասցեում գտնվող շինությունը հանդիսանում է հրեական կրոնական նշանակությամբ օգտագործվող շենք։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ վերը նկարագրված գործողությունները կատարողը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, որը, ըստ ստացված տվյալների, վերոնշյալ հանցավոր արարքը կատարվելուց անմիջապես հետո լքել է ՀՀ տարածքը։

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջինիս կողմից այդ հանցավոր արարքները տեսանկարահանվել են։ Տեսագրության զննությամբ, ինչպես նաև այլ փաստական հանգամանքներով պարզվել է, որ վերջինս ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքները ոչնչացնելու կամ վնասելու եղանակով կատարել է առերևույթ հանցագործություն, նշված տեսագրությունները տեղադրվել և տարածվել են տելեգրամյան ադրբեջանական կայքում, ինչպես նաև նույն տեսագրությունը հրապարակվել է «X» սոցիալական հարթակում։

Հաշվի առնելով, որ նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքներ, այդ թվում՝ կրոնական կամ ծիսական նշանակության շենք, շինություն վնասելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ քրեական վերոնշյալ վարույթի նյութերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում։

Քննչական ենթակայության կարգով, նշված վարույթն ուղարկվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով