Գառնի գյուղի 51-ամյա բնակչի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնի գյուղի բնակչի կողմից եղբորը սպանելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023 թվականի հունիսի 20-ին` ժամը 07:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գառնիի բաժանմունք է ներկայացել Գառնի գյուղի 54-ամյա բնակիչը և հայտնել, որ սպանել է հարազատ եղբորը՝ վերջինիս գլխին մուրճով հարվածներ հասցնելու եղանակով:
Նույն օրը` ժամը 07:16-ին, «Գառնի շտապօգնության» աշխատակցից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտեցած քաղաքացին հայտնել է հարազատ եղբորը ծեծի ենթարկելու մասին: Շտապօգնության խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել է նույն գյուղի 51-ամյա բնակչին` արնաշաղախ և անգիտակից վիճակում:
Նույն օրը` ժամը 08:26-ին, տուժողը, «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի «Ս.Գ.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ժամը 08:30-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Տուժողի եղբայրը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին՝ սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ ներկայացնելով կատարվածի մանրամասները, տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող մուրճը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, համապատասխան հարցում է կատարվել բժշկական հաստատություն` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հոգեկան առողջության վիճակը պարզելու նպատակով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: